ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ. “I HAVE A DREAM…”

Երևի հենց այս խոսքերով պիտի սկսեմ շարադրել միտքս, քանի որ հոդված գրելու մեծ վարպետ չեմ:

…Կերազեի մի երկրում ապրել, ուր արվեստի մասին այնպիսի oրենք ընդունվեր, որ դրսից մարդիկ ասեին. <<Թեև Հայաստանը դեռևս լի է պրոբլեմներով, մարդու տարրական իրավունքները պաշտպանված չեն այնտեղ, ազգը սոցիալական անարդարություններից պառակտված է, այո, դա մի երկիր է, ուր դեռ քաղբանտարկյալներ կան, նույնիսկ արդարության և ազնվության մասին պարզ պատկերացումներն են բացակայում ժողովրդի մեջ, գողը գողից է գողանում, երիտասարդության ուշքն ու միտքը դրսում է, քանի որ իշխանությունն ամեն ինչ անում է, որ անելանելիության իրավիճակը դարձնի կյանքի հիմնական տեսակ, բայց…

Բայց այս երկրում կա ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ, որը ստեղծում է այնպիսի պայմաններ, որ բաղձալի է ամբողջ աշխարհի արվեստագետների համար: Արվեստն այդ երկրում Գերակայություն է, արվեստով զբաղվողը` արտոնյալ հասարակության մեջ, քանի որ օրենքը սահմանում է այդ արտոնությունները, ստեղծելով բոլոր հնարավոր և անհնար պայմանները արվեստագետի համար, որպեսզի նա իր ստեղծագործությունն ու արվեստը զարգացնի և կատարելագործի…

Այդ հրաշալի օրենքը սահմանում է ընդամենը 3% հարկ ոչ միայն արվեստագետի, այլ նաև այն բիզնեսմենի համար, ով գործնականում կապված է արվեստի հետ։ Սրա հաշվին ոչ թե արվեստագետն է հովանավորի դուռը ծեծում, այլ հովանավորներն են հերթագրված նրա դռան մոտ: Եվ այսպիսով, ստեղծված է մի իրավիճակ, երբ նույնիսկ անգետ գործարարի համար շահեկան է արվեստագետի հետ գործնական առնչություն ունենալը:

Համերգային դահլիճները, ցուցասրահները, թատրոնները լեփ լեցուն են, քանի որ օրենքի վերահկողությամբ դահլիճների վարձը սիմվոլիկ է, ինչի հաշվին տոմսերը մատչելի են արվեստասեր հասակության համար:

Պետությունը երաշխավորում է արվեստի գովազդն ու պրոպագանդան՝ ԶԼՄ-ներին պարտադրելով համապատասխան հնարավորություններ և պայմաններ ստեղծել առկա արվեստը պատշաճ մակարդակով ներկայացնելու և գովազդելու:

Գրականությունն ու կերպարվեստը զարթոնք են ապրում, քանզի հրատարակչատները գեղարվեստական գրականություն հրատարակելիս` նույն 3%-ով են հարկվում, իսկ սրա հետևանքն էլ այն է, որ հրատարակումների գերակայող մասը ոչ թե գարեջրի կամ գինու պիտակներն են, այլ արվեստին վերաբերող նյութերը:

Այս ամենի շնորհիվ Հայաստանում ապրելը բաղձալի մի նպատակ է նույնիսկ օտարերկրացի արվեստագետների համար, քանի որ միայն այստեղ են ստեղծված պետությամբ երաշխավորված պայմաններ՝ արվեստը զարգացնելու և բարձրացնելու համար, ինչի շնորհիվ էլ Հայաստանը դարձել է նաև համաշխարհային արվեստի օրրան։ Այս երկրում արվեստի մասին օրենքը արվեստագետին ազատում է նվաստացուցիչ շուկայական սպառողական պահանջարկի թելադրանքից և անբանների թերի ճաշակի պարտադրանքից։

Արվեստագետն էլ չի զգում իրեն պետության վզին ծանրացած, այլ հպարտորեն զբաղվում է ազատ արվեստով՝ հարստացնելով հոգևոր մթնոլորտը, և վերջ ի վերջո իր ստեղծագործությունը ծառայեցնում իր պետությանը, ազգին և մշակույթին>>:

Ընդամենը այսքանը… Իմ ազատ և անկախ երկրում, ուր  ազատության և անկախության 20 տարիների ընթացքում այդպես էլ չընդունվեց օրենք արվեստի մասին, սրանից հետո ևս դժվար թե ընդունվի, քանի որ տգիտությունն ու անբանությունը մեր մեջ չեն պակասում, իսկ ազնվությունն ու ազնվականությունը անհետացել են ի սպառ: Ինչո՞ւ… Բանալին հայտնի է 4-5-րդ դարերից ի վեր՝ …Զի պանդուխտ եմ ես հանցավոր երկրի…: (Մեսրոպ Մաշտոց)

Ուրեմն ոչինչ չի մնում ինձ, քան մեջբերել Մարթին Լյութեր Քինգի թևավոր դարձած խոսքերը՝ I HAVE A DREAM…

Աղբյուրը`  Ejournal.am  Հունիս 28, 2011

About these ads

~ by Էդգար Թամարյան on 16.08.2011.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: