Հայ երաժշտության գագաթնակետից դեպի ակունքներ

Հոկտեմբերի 8-ին «Նարեկացի» արվեստի միությունում հանրությանը կներկայացվի Վահան Արծրունու «Մաշտոց, սրբազան մարգարիտներ» ձայնասկավառակը, որում զետեղված են Մաշտոցի 11 շարականները:

Արծրունին հետևում է Կոմիտասին՝ ձայնագրելով մաշտոցյան շարականները

Վահան Արծրունուն հաջողվում է իր արվեստով ուրույն արժեքներ ստեղծել՝ հավատարիմ մնալով հայ երաժշտության ավանդույթներին։ Ստեղծագործելով տարբեր ժանրերում՝ վերջին տարիներին Վահան Արծրունին հետաքրքրվում է հայկական երաժշտական ժառանգությամբ: 2002թ. լույս է տեսել նրա «Կոմիտաս, տասը հայտնություն» սկավառակը: Հոկտեմբերի 8-ին «Նարեկացի» արվեստի միությունում հանրությանը կներկայացվի Վահան Արծրունու նոր՝ «Մաշտոց, սրբազան մարգարիտներ» ձայնասկավառակը, որում զետեղված են Մաշտոցի 11 շարականները: Ձայնագրությանը մասնակցել է Վահան Արծրունու վաղեմի գործընկերը՝ երգչուհի Հասմիկ Բաղդասարյանը: Շնորհանդեսից մի քանի օր առաջ «Օրակարգ»-ը զրուցել է երգահանի հետ:

- Ինչպե՞ս ծնվեց Ձեր նոր սկավառակը: 

Սկզբնական միտքը ծավալուն էր: Հասմիկ Բաղդասարյանի հետ միասին որոշել էինք մի ալբոմ ձայնագրել, որում կընդգրկեինք տարբեր հեղինակների շարականներ, և որը կներկայացներ շարականների զարգացման ամբողջ ընթացքը: Հետո հասկացանք, որ ընդամենը մի ձայնասկավառակում հաստատ չենք տեղավորվի: Հասմիկի առաջարկությամբ որոշեցինք հենց Մաշտոցի շարականները մշակել, որովհետև դրանք ոչ մի տեղ չեն հրատարակվել, նույնիսկ նոտաները հնարավոր չէ գտնել: Քանի որ Հասմիկը երկար տարիներ երգել է եկեղեցու երգչախմբում, որի երգացանկում Մաշտոցի շարականները կենտրոնական տեղ են զբաղեցնում, նա քաջ ծանոթ է նյութին: Այսպես՝ Մաշտոցի՝ մեզ հասած ոչ մեծ ժառանգությունից հավաստի 11-ը մենք ներկայացրինք ձայնասկավառակում՝ բազմաձայնած և միաձայն տարբերակներով:

- Ձայնասկավառակում հնչում են փողայինների նվագախումբ, երգչախումբ, որտե՞ղ է կատարվել ձայնագրությունը։

 - Ես ստուդիաներում չեմ կարող աշխատել, որովհետև ստուդիական մթնոլորտը Հայաստանում չի նպաստում ստեղծագործական ընթացքին: Այս պատճառով էլ տարիներ առաջ ես տանը իմ սեփական ստուդիան եմ ստեղծել: Սկավառակի ամբողջ նյութը ձայնագրվել և մշակվել է տնային ստուդիայում:

 Մի քանի տարի առաջ ստեղծվել է շատ հետաքրքիր սեմփլերային համակարգ, որը գործածվում է սինթեզատորի միջոցով: Սեմփլերային բանկում կուտակված են բոլոր երաժշտական գործիքների, ինչպես նաև երգչախմբերի ձայները: Ի տարբերություն սինթեզատորի, որն ինքն է ստեղծում տվյալ գործիքի ձայնի էլեկտրոնային տարբերակը, սեմփլերային համակարգը վերարտադրում է գործիքի հնչյունի ձայնագրությունը, ընդ որում՝ նշվում են նույնիսկ գործիքի արտադրողը և տվյալ նոտան կատարողը: Սա 21-րդ դարի ռեսուրս է, որը թույլ է տալիս ստանալ կենդանի նվագախմբի կամ երգչախմբի հնչողություն, որը չի տարբերվի իրական հնչողությունից: Օրինակ՝ այս սկավառակում ես օգտագործել եմ Վիեննայի մանկական երգչախմբի կատարողների ձայները:

 - Շարականները մշակելիս, ինչպես նաև Կոմիտասի երգերի դեպքում Դուք չեք օգտվում ավանդական հայկական նվագարաններից, ինչո՞ւ։

 - Ես չեմ կարող ասել, որ ինչ-որ նորամուծություն եմ կատարել: Նույն մոտեցումը հայկական երաժշտության ներկայացման մեջ ուներ Կոմիտասը: Ո՛չ դաշնամուրն է բուն հայկական նվագարան, ո՛չ էլ բազմաձայն երգչախումբը: Մինչև 19-րդ դարը հայկական երաժշտությունը եղել է մոնոդիկ, այսինքն՝ միաձայն: Թե՛ բազմաձայն երգչախումբը, թե՛ դաշնամուրը եվրոպական երաժշտությունից Կոմիտասն է բերել հայկական երաժշտություն: Իմ մոտեցումն է պարզապես այդպիսին, ես փորձում եմ երաժշտությունը արտահայտել տարբեր միջոցներով՝ մի դեպքում դա կամերային նվագախումբն է, մյուս դեպքում՝ մանկական երգչախումբը, կիթառը և այլն:

 - Ձայնասկավառակը մի քանի օր հետո կհայտնվի վաճառքում, ի՞նչ ծրագրեր ունեք, արդյոք կշարունակվի՞ Ձեր անդրադարձը հոգևոր երաժշտությանը։

 - Իմ վաղեմի երազանքն է անդրադառնալ Էմի Աբգար պատարագին, որը Կալկաթայի հայկական համայնքի պատարագն է: Օրիորդ Էմի Աբգարը գրի է առել այն և պահպանել է այդ ադամանդը: Այն հայտնի է երաժշտագետների նեղ շրջանակում, և ես հույս ունեմ, որ առիթ կունենանք հետագայում դրա մասին խոսել: Իսկ մոտ ժամանակներս մենք պատրաստվում ենք համերգներ կազմակերպել, որոնց ընթացքում կներկայացնենք մեր նոր՝ Մաշտոցյան շարքը:

Աղբյուրը`   http://orakarg.am

~ by Էդգար Թամարյան on 01.11.2011.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.