Մաշտոց. Սրբազան մարգարիտներ
11 միաձայն (կանոնիկ) շարական ու 11 բազմաձայնեցված սեմպլերային մշակում
Ժանր` հոգեւոր երաժշտություն
Թողարկման տարեթիվ` 2011թ.
Ձայնագրման ստուդիա` Նարեկացի արվեստի միություն
Ֆորմատ` Audio CD
Ձայներիզներ` 11
Մեկնությունը` Վահան Արծրունի
Կատարումը` Հասմիկ Բաղդասարյան (սոպրանո)
Մշակումը, ձայնագրությունը, դաշնավորումը, մասթերինքը` Վահան Արծրունի
Ներկայացվող ձայնասկավառակն առաջին իր տեսակի մեջ հրատարակությունն է հայ իրականության մեջ, որը մեկ արտեֆակտի մեջ մեկտեղում է Մեսրոպ Մաշտոցի շարականների մեզ հասած ոչ մեծ ժառանգության հավաստի բոլոր 11-ը:
Մեսրոպ Մաշտոցն, ով ավելի շատ մեծարվում է գրերի հայտնության իր գյուտի համար, կանգնած է նաև հայկական մելոսի ստեղծման ու ձևավորման գործընթացի ակունքներում` իր հեղինակած շուրջ 130 չափածո գործերով, որ կաթողիկոս Ս. Պարթևի հետ փոխադրվել են երաժշտական ձևի ու զետեղվել եկեղեցիական Շարակնոցում:
Մաշտոց-պարթևյան շարականների հարուստ ժառանգությունը գրեթե չի պահպանվել. կան տարբեր աղբյուրներում պահպանված 30 վիճելի շարական, որ հայ երաժշտագիտությունը վերագրում են նրանց, բայց միայն 11-ն է, որոնց ինքնությունն այսօր հավաստի է ու անվիճելի:
Հենց այդ 11 միաձայն շարականներն էլ դրված են ներկայացվող ձայնասկավառակի առանցքում, որ առաջին անգամ մեկտեղում է տարբեր աղբյուրներում ցրված մաշտոցյան բոլոր 11 հավաստի շարականները` դրանք ամփոփում է անթոլոգիական նշանակության հրատարակության մեջ` շարականներից յուրաքանչյուրը ներկայացնելով թե՛ կանոնիկ միաձայն կատարմամբ, և թե՛ դրանց բազմաձայնեցված արծրունիական վերընթերցմամբ (ընդհանուր` 22 թրեք):
Այդ իմաստով, նախագիծը մի կողմից փորձ է անում մոռացության փոշուց մաքրել ու առանց աղավաղումների վերհանել անցյալի ժառանգության «սրբազան» այս պատառիկները, իսկ մյուս կողմից` դրանք բերում է ժամանակի ոգուն ու ճաշակներին համահունչ ու ընկալելի ձևաչափի:
Իր փիլիսոփայությամբ ու մեթոդաբանությամբ` նախագիծն ավելի հարում է երաժշտական հետարդիականության (պոստմոդեռնի) տրամաբանությանը, որտեղ անցյալի նյութն ընկալվում է որպես վավերագրական ատաղձ, որի շուրջ արված վերընթերցումները` չտարանջատվելով իրենց պատմականությունից, այնքան հեղինակային են, որ կարող են ստանալ արվեստի ինքնավար գործի լիարժեք կարգավիճակ:
«Մաշտոց. սրբազան մարգարիտներ»-ը հեղինակային մեկնության ու վերընթերցման հենց այսպիսի փործ են, որտեղ մաշտոցյան միաձայն շարականը` բազմաձայնեցնելով ժամանակակից ձայնագրման և սեմպլերային տեխնոլոգիաների համադրությամբ, վերհառնում է պոլիֆոնիկ (բազմաձայն) հնչողությամբ:
Սա հայ հոգևոր շարականի բազմաձայնեցման առաջին փորձը չէ: Դեռ 19-րդ դարավեջին ու 20-րդ դարասկզբին, այսպիսի նորորությամբ արդեն հանդես է եկել Ք. Կարա-Մուրզան: Բայց սա շարականի բազմաձայնեցման առաջին էլեկտրոնային սեմպլերային փորձն է, որտեղ փողային ու կամերային նվագախմբերի, երգչախմբերի պոլիֆոնիկ հնչողությունը կոմպոզիտորը ստացել է էլեկտրոնային եղանակով` առանց իրական խմբերի ու համույթների մասնակցության:
Նախագիծը առանձնանում է երաժշտական ընդունված ընթացակարգերը շրջելու տեսանկյունից: Մինչև գործերի վերջնականացումը, նախ իրականացվել է շարականների նախատիպային միաձայն բնօրինակների ձայնագրումը` վավերագրումը, սոպրանո Հասմիկ Բաղդասարյանի` բացառիկ արտահայտիչ ու հայ հոգևոր երգեցողության գունեղ նրբերանգները փոխանցող փայլուն կատարմամբ, որն էլ այնուհետև դարձել է հետագա վերամշակումների փաստացի աղբյուրն ու դաշտային հումքը:
Ձայնասկավառակի կազմի ձևավորումը նույնպես հեղինակել է Վահան Արծրունին` թղթե գրաշապիկ /21×15/, ազդու կապույտի և կարմիրի գունային հակադրություններով նկարազարդում, գրքույկանման ձևվածք: Ձայնասկավառակի մուգ կապույտ գրաշապիկի կենտրոնում` մուգ կարմիր եզրակալից ներս, պատկերված է Սբ. Էջմիածնի գանձարանում պահվող կորագլուխ գավազանի պատկեր` արևի ու խաչի հատկանշական խորհրդապատկերներով:
Հրատարակությանը ներփակված գրքույկում նաև զետեղված են կատարվող բոլոր 11 շարականների կանոնիկ (միաձայն) տարբերակների նոտագրությունները:
Ձայնուղիներ
«Ողորմեա (Անկանիմ)»
«Ի նեղություն իմում»
«Տէր որ ի մեջ լերինն»
«Բազում են քո գթութիւնքդ»
«Ողորմեա ինձ Աստուած»
«Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց»
«Մեղայ Քեզ Տէր»
«Ծով կենցաղոյս»
«Ողորմեա»
«Զղջման իմոյ զարտասուս»
«Յամենայն ժամ»:


