ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ: ՄԱՇՏՈՑ. ՍՐԲԱԶԱՆ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ

•07.07.2012 • Թողնել մեկնաբանություն

 

ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ: Երեք իշխանություններն էլ «փայլուն» կատարեցին իրենց միսիան

•18.11.2011 • Թողնել մեկնաբանություն

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին:

— Վահան, ըստ Ձեզ, ի՞նչ դեր ունի մեզանում քաղաքացիական հասարակությունը: Թեև աշխարհում շոու-բիզնեսի աստղերն ակտիվորեն հասարակական գործունեությամբ են զբաղված, անգամ իրենց սեփական ՀԿ-ներն են հիմնում, բայց մեզ մոտ չկա նման միտում: Ինչո՞վ եք պայմանավորում այս անտարբերությունը:

— Առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ դրսի շոու-բիզնեսի ներկայացուցիչներից կամ աստղերից յուրաքանչյուրն իրենից հեղինակություն է ներկայացնում իր բնագավառում: Եթե խոսենք հայկական մոդելի մասին և փորձենք կիրառել նույն չափանիշները, առաջին հերթին պետք է հասկանանք` արդյոք սրանք հեղինակությո՞ւն են, թե՞ սա սարքած մի երևույթ է, որը հավասար է, ենթադրենք, սրճարանի մատուցողի էությանը. պարզապես այս մեկը սուրճ է մատուցում և հետևաբար ստանում իր «չայևոն», սրանք էլ մատուցում են իրենց երգը և ստանում են իրենց «չայևոն»: Եթե այդ տեսանկյունից քննենք նրանց գոյը հայկական ենթամշակութային իրականության մեջ, ապա սպասել նրանցից որևէ դրսևորում, որը հատուկ է կիրթ քաղաքացիական հանրությանը, չենք կարող: Այնպես որ, յուրաքանչյուրն իր (կներեք կոպիտ արտահայտության համար) ռեստում կամ դուքյանում պետք է նստի ու աստղ «պարապի»:

 — Մենք տեսնում ենք, որ այդ մարդիկ առավել շատ ակտիվանում են նախընտրական շրջանում, գնում կանգնում են հիմնականում իշխանության թեկնածուների կողքին: Ինչո՞վ եք պայմանավորում նրանց` քաղաքական գործիչների կողքին կանգնելը:

 — Դարձյալ «չայևոյով»: Ոչ մի քաղաքական դրսևորում այստեղ չկա: Սովորաբար նրանք խուսափում են քաղաքական ոլորտներին հպվող հարցադրումներից և հետևաբար աշխատում են լղոզված պատասխաններ տալ: Որպես կանոն, նրանք ասում են, որ սիրում են հայրենիքը, փարվում են նրա դոշին, և «հայրենիքը» նրանց համար ավելի մեծ և վեհ հասկացություն է, քան կուսակցական և քաղաքական որևէ դրսևորում: Սա մաքուր դեմագոգիա է, որը վկայում է այն մասին, որ այս մարդիկ ընդամենը սերվիսի ներկայացուցիչ են, ոչ ավելի, ինչ էլ իրենց վրա կպցնեն, ինչ էլ պետությունից որպես պարգև ստանան` սկսած բնակարաններից, վերջացրած վաստակավորների կոչումներով և մնացած «չայևոներով»:

 — Դուք որքանո՞վ եք ներգրավված այդ քաղաքացիական նախաձեռնություններում` ձևավորված բանակում տեղ գտած խնդիրների, բնապահպանական կարևոր խնդիրների և այլ խնդիրների շուրջ:

 — Անպայման չէ` ես այս պարագայում ներկայանամ որպես երգիչ որևէ հարթակից: Դուք շատ լավ գիտեք, որ ինձ հուզող թեմայի շուրջ խոսելու, իսկ հիմա արդեն գրելու առիթը բաց չեմ թողնում: Չնայած կան միջոցառումներ, որոնք ինձ հուզում են, և ես իմ ներկայությունն եմ բերում որպես բեմի մարդ: Այդ առումով մասնակցել և մասնակցում եմ տարբեր ակցիաների:

 — Տեսակետ կա, որ քաղաքացիական նախաձեռնությունները քանի դեռ իրենց գործունեության վեկտորը չեն ուղղել դեպի քաղաքականություն, վերջնականապես հաջողությունների չեն հասնի:

 — Շատ հաճախ քաղաքացիական նախաձեռնություններն ուղղորդվում են որոշակի քաղաքացիական ուժերի կողմից: Օրինակ` գնում ես բնապահպանական ակցիայի, պարզվում է` ընդդիմության հանրահավաքին ես մասնակցում, երբ տեղ ես հասնում, հասկանում ես, որ սա ընդամենը ուղղորդված միջոցառում է, կամ՝ Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված վերջին պատմությունները: Հստակ զգում ես, որ ոմանց մոտ իսկապես անկեղծ պոռթկում է, և զգում ես, որ կան որոշակի գաղափարներ, որ այս մարդը պաշտպանում է իր ազատությունը, յուրաքանչյուր մարդ կարող է պաշտպանել իր գաղափարները: Այս պարագայում պետք է առավել զգոն լինել և զգալ՝ որտեղ է բացարձակ անկեղծ պոռթկումը:

 — Դուք նշեցիք, որ մասնակցել եք ակցիայի, բայց պարզվել է՝ ընդդիմության կազմակերպած պիկետն է: Նշանակում է` Դուք ընդդիմության հանրահավաքներին չեք գնում, ինչո՞ւ:

 — Չէ՜, չեմ գնում, մանավանդ վերջերս աշխատում եմ այդ տարածքում չերևալ, որովհետև կյանքի փորձառություն ունեմ, և իմ պրոբլեմն այն է, որ շատ-շատերին շատ լավ ճանաչում եմ և շատ վաղուց եմ ճանաչում: Սա իմ անձնական տեսանկյունն է. որևէ մեկին չեմ պարտադրում:

 — Լավ, ըստ Ձեզ, ի վերջո, մեր կյանքն ո՞վ է փոխելու, քաղաքացիական խմբե՞րը, քաղաքական գործիչնե՞րը…

 — Պետք է փոխի հանրության մեջ վերահաստատված գերակայությունների գիտակցությունը. առաջին հերթին բարոյականության բնագավառում և սրանից բխող մնացած բոլոր բնագավառներում` սկսած բարոյականությունից, վերջացրած քաղաքացիությունից:

 — Վերջերս Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հարցազրույցը մեծ աղմուկ բարձրացրեց մեր իրականության մեջ: Անդրադառնալով մեզանում արտագաղթի խնդրին` նա հիմնական պատճառը համարել է երկրում մաֆիայի առկայությունը, որը խանգարում է քաղաքացու առօրյա կյանքի կազմակերպմանը: Արդյոք Դուք միգրացիայի հիմնական պատճառ համարո՞ւմ եք մաֆիայի առկայությունը երկրում:

 — Այն, ինչ հիմա կատարվում է՝ տեղահանություն է (միգրացիա չեմ կարող անվանել, որովհետև այդ մարդիկ ուղղորդվում են Հայաստանից դուրս), երբ քսան տարիների ընթացքում ձևավորվում է այնպիսի մթնոլորտ, որ մարդն իր և իր ընտանիքի համար ավելի նորմալ և բարենպաստ պայմաններ է փնտրում դրսում, այսինքն` իր ապագայի կառուցման համար լքում է հայրենիքը: Սա եթե մաֆիայով պայմանավորված լիներ, շատ հեշտ պատասխաններ կգտնեինք:

 — Ի՞նչն է պատճառը, որ մարդը դադարում է ցանկություն ունենալ իր երկրում ապրելու:

 — Իմ խորին համոզմամբ, տիրող անարդարության գերակայությամբ մարդն այլևս ելք չի տեսնում, հասկանում է, որ այն իրավիճակը, որում ինքն ու իր ընտանիքն են հայտնվել, անարդար և հանցավոր է, և հետևաբար չի ուզում մերվել դրա հետ` հասկանալով, որ ոչ մի բան չի կարող փոխել: Հենց այդ ժամանակ սկսում է ճամպրուկը հավաքել:

 — Չի՞ կարող արդյոք փոխել համաժողովրդական ընդվզման, հեղափոխության, ակցիաների միջոցով:

 — Ի~նչ հեղափոխություն, ի~նչ ակցիա, ինչպես կարող են փոխել, երբ բացակայում է գերակայությունների գիտակցությունը: Ինքը ոչ թե ուզում է իրապես բարելավել կյանքը, ոչ թե ուզում է իրապես փոփոխություն լինի, այլ իրապես ձգտում է տվյալ ժամանակահատվածում կամ տվյալ իրավիճակում շտկել որոշակի հարցեր, որոնք առավել նեղում են իրեն, բայց գլոբալ արդարության, մարդու իրավունքների, բարոյականության անկման մասին ոչ ոք, համոզված եմ, իրապես մտահոգված չէ: Սա ապացուցում են հսկայական շփումներս:

 — Ասում են` մենք հիմա բոլորովին այլ, պահանջատեր հասարակություն ենք ձևավորել, սակայն Դուք նշում եք, որ մենք հարմարվել ենք այս իրականությանը:

 — Այս իրականությանը հարմարվել հնարավոր չէ: Կարո՞ղ եք արդյոք հարմարվել բերդի կամ բանտի պայմաններին: Երբ դուք ընկնում եք հանցագործ միջավայրի մեջ, դուք չեք կարող հարմարվել, եթե դուք ազնիվ մարդ եք: Դուք երկար ճանապարհ ունեք. կամ դուք դառնում եք մեկը, ում համար խաղի կանոնները ընդունելի են, կամ դուք դուրս եք գալիս խաղից: Ցավոք սրտի, մենք հասել ենք նրան, որ հիմա խոսում ենք մեր հայրենիքի մասին նման օրինակներ բերելով: Սա ողբերգական է ինձ համար:

 — Վերջին օրերին հրաժարականների շքերթ է սկսվել, արդյոք փոփոխության հույս չի՞ նշմարվում:

 — Ինձ թվում է` դրանք բոլորը պայմանավորված են «չայևոների» չափի խնդրով: Ըստ երևույթին, «չայևոների» տոկոսն աճել է, և այս մարդիկ չեն հարմարվում և հետևաբար աշխատում են խաղից դուրս գալ: Նրանք հիմա մի տեղից դուրս են գալիս, մյուս տեղում են հարմարվում, որտեղ «չայևոներն» ավելի հարմար են:

 — Վահան, լավատեսության որևէ հույս չի՞ մնացել:

 — Իհարկե մնացել է, մեր ազգն ինքնամաքրման հսկայական ռեսուրս ունի: Մեր մշակույթը, մեր պատմությունն են դա ցույց տալիս:

 — Իսկ ինչո՞ւ է այս քսան տարիների ընթացքում այդքան ձգձգվում այդ ինքնամաքրման պրոցեսը:

 — Իմ խորին համոզմամբ, այս քսան տարիների ընթացքում այդ վեկտորին հակառակ ուղղությամբ է աշխատել: Այն իր արտահայտումը գտել է նաևառաջ հանրային բարոյականության անկման մեջ և վերջիվերջո հասել է օրենսդրական դաշտի մեջ փոփոխություններին: Օրինակ` «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունը: Սա մի համընդհանուր պրոցեսի ուղղությամբ շարունավող քաղաքականություն է: Մի փոքր հանգամանք մեջբերեմ: Այս տարի պետք է որ ազգովի նշեինք Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակը: Լսե՞լ եք որևէ հանրային կամ պետական կառույցի կողմից նման ցանկություն:

 — Այսինքն` երեք իշխանություններն էլ չկարողացա՞ն:

 — Ոչ թե չկարողացան, այլ երեքն էլ «փայլուն» կատարեցին իրենց միսիան:

Աղբյուրը`     «Առաջին լրատվական»`  www.1in.am

Մաշտոցը 21-րդ դարում: Մաշտոց. Սրբազան մարգարիտներ

•01.11.2011 • Թողնել մեկնաբանություն

Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ Վահան Արծրունու և Հասմիկ Բաղդասրյանի «Մաշտոց սրբազան մարգարիտներ» ձայնասկավառակի թողարկումը: Տարբեր աղբյուրների վկայությամբ Մաշտոցը ունի մոտ 30 շարական, որոնցից 11-ը Վահան Արծրունու կողմից բազմաձայնեցվելով և ժամանակակից ձայնագրման ու սեմպլերային տեխնոլոգիաների միջոցով մշակվելով ներառվել են այս ձայնասկավառակում:



Մաշտոց. Սրբազան մարգարիտներ

•01.11.2011 • Թողնել մեկնաբանություն

11 միաձայն (կանոնիկ) շարական ու 11 բազմաձայնեցված սեմպլերային մշակում

Ժանր` հոգեւոր երաժշտություն

Թողարկման տարեթիվ` 2011թ.

Ձայնագրման ստուդիա` Նարեկացի արվեստի միություն

Ֆորմատ` Audio CD

Ձայներիզներ` 11

Մեկնությունը` Վահան Արծրունի

Կատարումը` Հասմիկ Բաղդասարյան (սոպրանո)

Մշակումը, ձայնագրությունը, դաշնավորումը, մասթերինքը` Վահան Արծրունի

 Ներկայացվող ձայնասկավառակն առաջին իր տեսակի մեջ հրատարակությունն է հայ իրականության մեջ, որը մեկ արտեֆակտի մեջ մեկտեղում է Մեսրոպ Մաշտոցի շարականների մեզ հասած ոչ մեծ ժառանգության հավաստի բոլոր 11-ը:

 Մեսրոպ Մաշտոցն, ով ավելի շատ մեծարվում է գրերի հայտնության իր գյուտի համար, կանգնած է նաև հայկական մելոսի ստեղծման ու ձևավորման գործընթացի ակունքներում` իր հեղինակած շուրջ 130 չափածո գործերով, որ կաթողիկոս Ս. Պարթևի հետ փոխադրվել են երաժշտական ձևի ու զետեղվել եկեղեցիական Շարակնոցում:

Մաշտոց-պարթևյան շարականների հարուստ ժառանգությունը գրեթե չի պահպանվել. կան տարբեր աղբյուրներում պահպանված 30 վիճելի շարական, որ հայ երաժշտագիտությունը վերագրում են նրանց, բայց միայն 11-ն է, որոնց ինքնությունն այսօր հավաստի է ու անվիճելի:

 Հենց այդ 11 միաձայն շարականներն էլ դրված են ներկայացվող ձայնասկավառակի առանցքում, որ առաջին անգամ մեկտեղում է տարբեր աղբյուրներում ցրված մաշտոցյան բոլոր 11 հավաստի շարականները` դրանք ամփոփում է անթոլոգիական նշանակության հրատարակության մեջ` շարականներից յուրաքանչյուրը ներկայացնելով թե՛ կանոնիկ միաձայն կատարմամբ, և թե՛ դրանց բազմաձայնեցված արծրունիական վերընթերցմամբ (ընդհանուր` 22 թրեք):

 Այդ իմաստով, նախագիծը մի կողմից փորձ է անում մոռացության փոշուց մաքրել ու առանց աղավաղումների վերհանել անցյալի ժառանգության «սրբազան» այս պատառիկները, իսկ մյուս կողմից` դրանք բերում է ժամանակի ոգուն ու ճաշակներին համահունչ ու ընկալելի ձևաչափի:

 Իր փիլիսոփայությամբ ու մեթոդաբանությամբ` նախագիծն ավելի հարում է երաժշտական հետարդիականության (պոստմոդեռնի) տրամաբանությանը, որտեղ անցյալի նյութն ընկալվում է որպես վավերագրական ատաղձ, որի շուրջ արված վերընթերցումները` չտարանջատվելով իրենց պատմականությունից, այնքան հեղինակային են, որ կարող են ստանալ արվեստի ինքնավար գործի լիարժեք կարգավիճակ:

 «Մաշտոց. սրբազան մարգարիտներ»-ը հեղինակային մեկնության ու վերընթերցման հենց այսպիսի փործ են, որտեղ մաշտոցյան միաձայն շարականը` բազմաձայնեցնելով ժամանակակից ձայնագրման և սեմպլերային տեխնոլոգիաների համադրությամբ, վերհառնում է պոլիֆոնիկ (բազմաձայն) հնչողությամբ:

 Սա հայ հոգևոր շարականի բազմաձայնեցման առաջին փորձը չէ: Դեռ 19-րդ դարավեջին ու 20-րդ դարասկզբին, այսպիսի նորորությամբ արդեն հանդես է եկել Ք. Կարա-Մուրզան: Բայց սա շարականի բազմաձայնեցման առաջին էլեկտրոնային սեմպլերային փորձն է, որտեղ փողային ու կամերային նվագախմբերի, երգչախմբերի պոլիֆոնիկ հնչողությունը կոմպոզիտորը ստացել է էլեկտրոնային եղանակով` առանց իրական խմբերի ու համույթների մասնակցության:

 Նախագիծը առանձնանում է երաժշտական ընդունված ընթացակարգերը շրջելու տեսանկյունից: Մինչև գործերի վերջնականացումը, նախ իրականացվել է շարականների նախատիպային միաձայն բնօրինակների ձայնագրումը` վավերագրումը, սոպրանո Հասմիկ Բաղդասարյանի` բացառիկ արտահայտիչ ու հայ հոգևոր երգեցողության գունեղ նրբերանգները փոխանցող փայլուն կատարմամբ, որն էլ այնուհետև դարձել է հետագա վերամշակումների փաստացի աղբյուրն ու դաշտային հումքը:

 Ձայնասկավառակի կազմի ձևավորումը նույնպես հեղինակել է Վահան Արծրունին` թղթե գրաշապիկ /21×15/, ազդու կապույտի և կարմիրի գունային հակադրություններով նկարազարդում, գրքույկանման ձևվածք: Ձայնասկավառակի մուգ կապույտ գրաշապիկի կենտրոնում` մուգ կարմիր եզրակալից ներս, պատկերված է Սբ. Էջմիածնի գանձարանում պահվող կորագլուխ գավազանի պատկեր` արևի ու խաչի հատկանշական խորհրդապատկերներով:

 Հրատարակությանը ներփակված գրքույկում նաև զետեղված են կատարվող բոլոր 11 շարականների կանոնիկ (միաձայն) տարբերակների նոտագրությունները:

Ձայնուղիներ

 «Ողորմեա (Անկանիմ)»

«Ի նեղություն իմում»

«Տէր որ ի մեջ լերինն»

«Բազում են քո գթութիւնքդ»

«Ողորմեա ինձ Աստուած»

«Վտանգիմ ի բազմութենէ մեղաց իմոց»

«Մեղայ Քեզ Տէր»

«Ծով կենցաղոյս»

«Ողորմեա»

«Զղջման իմոյ զարտասուս»

«Յամենայն ժամ»:

Հայ երաժշտության գագաթնակետից դեպի ակունքներ

•01.11.2011 • Թողնել մեկնաբանություն

Հոկտեմբերի 8-ին «Նարեկացի» արվեստի միությունում հանրությանը կներկայացվի Վահան Արծրունու «Մաշտոց, սրբազան մարգարիտներ» ձայնասկավառակը, որում զետեղված են Մաշտոցի 11 շարականները:

Արծրունին հետևում է Կոմիտասին՝ ձայնագրելով մաշտոցյան շարականները

Վահան Արծրունուն հաջողվում է իր արվեստով ուրույն արժեքներ ստեղծել՝ հավատարիմ մնալով հայ երաժշտության ավանդույթներին։ Ստեղծագործելով տարբեր ժանրերում՝ վերջին տարիներին Վահան Արծրունին հետաքրքրվում է հայկական երաժշտական ժառանգությամբ: 2002թ. լույս է տեսել նրա «Կոմիտաս, տասը հայտնություն» սկավառակը: Հոկտեմբերի 8-ին «Նարեկացի» արվեստի միությունում հանրությանը կներկայացվի Վահան Արծրունու նոր՝ «Մաշտոց, սրբազան մարգարիտներ» ձայնասկավառակը, որում զետեղված են Մաշտոցի 11 շարականները: Ձայնագրությանը մասնակցել է Վահան Արծրունու վաղեմի գործընկերը՝ երգչուհի Հասմիկ Բաղդասարյանը: Շնորհանդեսից մի քանի օր առաջ «Օրակարգ»-ը զրուցել է երգահանի հետ:

— Ինչպե՞ս ծնվեց Ձեր նոր սկավառակը: 

Սկզբնական միտքը ծավալուն էր: Հասմիկ Բաղդասարյանի հետ միասին որոշել էինք մի ալբոմ ձայնագրել, որում կընդգրկեինք տարբեր հեղինակների շարականներ, և որը կներկայացներ շարականների զարգացման ամբողջ ընթացքը: Հետո հասկացանք, որ ընդամենը մի ձայնասկավառակում հաստատ չենք տեղավորվի: Հասմիկի առաջարկությամբ որոշեցինք հենց Մաշտոցի շարականները մշակել, որովհետև դրանք ոչ մի տեղ չեն հրատարակվել, նույնիսկ նոտաները հնարավոր չէ գտնել: Քանի որ Հասմիկը երկար տարիներ երգել է եկեղեցու երգչախմբում, որի երգացանկում Մաշտոցի շարականները կենտրոնական տեղ են զբաղեցնում, նա քաջ ծանոթ է նյութին: Այսպես՝ Մաշտոցի՝ մեզ հասած ոչ մեծ ժառանգությունից հավաստի 11-ը մենք ներկայացրինք ձայնասկավառակում՝ բազմաձայնած և միաձայն տարբերակներով:

— Ձայնասկավառակում հնչում են փողայինների նվագախումբ, երգչախումբ, որտե՞ղ է կատարվել ձայնագրությունը։

 — Ես ստուդիաներում չեմ կարող աշխատել, որովհետև ստուդիական մթնոլորտը Հայաստանում չի նպաստում ստեղծագործական ընթացքին: Այս պատճառով էլ տարիներ առաջ ես տանը իմ սեփական ստուդիան եմ ստեղծել: Սկավառակի ամբողջ նյութը ձայնագրվել և մշակվել է տնային ստուդիայում:

 Մի քանի տարի առաջ ստեղծվել է շատ հետաքրքիր սեմփլերային համակարգ, որը գործածվում է սինթեզատորի միջոցով: Սեմփլերային բանկում կուտակված են բոլոր երաժշտական գործիքների, ինչպես նաև երգչախմբերի ձայները: Ի տարբերություն սինթեզատորի, որն ինքն է ստեղծում տվյալ գործիքի ձայնի էլեկտրոնային տարբերակը, սեմփլերային համակարգը վերարտադրում է գործիքի հնչյունի ձայնագրությունը, ընդ որում՝ նշվում են նույնիսկ գործիքի արտադրողը և տվյալ նոտան կատարողը: Սա 21-րդ դարի ռեսուրս է, որը թույլ է տալիս ստանալ կենդանի նվագախմբի կամ երգչախմբի հնչողություն, որը չի տարբերվի իրական հնչողությունից: Օրինակ՝ այս սկավառակում ես օգտագործել եմ Վիեննայի մանկական երգչախմբի կատարողների ձայները:

 — Շարականները մշակելիս, ինչպես նաև Կոմիտասի երգերի դեպքում Դուք չեք օգտվում ավանդական հայկական նվագարաններից, ինչո՞ւ։

 — Ես չեմ կարող ասել, որ ինչ-որ նորամուծություն եմ կատարել: Նույն մոտեցումը հայկական երաժշտության ներկայացման մեջ ուներ Կոմիտասը: Ո՛չ դաշնամուրն է բուն հայկական նվագարան, ո՛չ էլ բազմաձայն երգչախումբը: Մինչև 19-րդ դարը հայկական երաժշտությունը եղել է մոնոդիկ, այսինքն՝ միաձայն: Թե՛ բազմաձայն երգչախումբը, թե՛ դաշնամուրը եվրոպական երաժշտությունից Կոմիտասն է բերել հայկական երաժշտություն: Իմ մոտեցումն է պարզապես այդպիսին, ես փորձում եմ երաժշտությունը արտահայտել տարբեր միջոցներով՝ մի դեպքում դա կամերային նվագախումբն է, մյուս դեպքում՝ մանկական երգչախումբը, կիթառը և այլն:

 — Ձայնասկավառակը մի քանի օր հետո կհայտնվի վաճառքում, ի՞նչ ծրագրեր ունեք, արդյոք կշարունակվի՞ Ձեր անդրադարձը հոգևոր երաժշտությանը։

 — Իմ վաղեմի երազանքն է անդրադառնալ Էմի Աբգար պատարագին, որը Կալկաթայի հայկական համայնքի պատարագն է: Օրիորդ Էմի Աբգարը գրի է առել այն և պահպանել է այդ ադամանդը: Այն հայտնի է երաժշտագետների նեղ շրջանակում, և ես հույս ունեմ, որ առիթ կունենանք հետագայում դրա մասին խոսել: Իսկ մոտ ժամանակներս մենք պատրաստվում ենք համերգներ կազմակերպել, որոնց ընթացքում կներկայացնենք մեր նոր՝ Մաշտոցյան շարքը:

Աղբյուրը`   http://orakarg.am

Ինչպես լիկվիդացնել սեփական մշակույթը կամ 20 խորհուրդ Իլհամ Ալիևին

•17.08.2011 • 1 մեկնաբանություն

 1.         Փակեք հանրային գրադարանները

2.         Փակեք եղած գրախանութները (մեկ-երկուսը թողեք ձևի համար)

3.         Նվազեցրեք տպարանների քանակը, իսկ եղածներից հարկեր գանձեք այնքան, որ նրանց տպագրած գրքերը դառնան անմատչելի և անհասանելի հասարակ ժողովրդի համար:

4.         Փակեք կինոթատրոնները` նմուշի համար թողնելով մեկը, ենթադրենք` մայրաքաղաքում:

5.         Լիկվիդացրեք հեռուստաալիքները և ռադիոկայանները, որոնք անդրադառնում են արվեստին… կամ էլ հանձնեք այն ձեր երկրում պետական կրոնական` իսլամական կառույցի հայեցողությանն ու վերահսկմանը:

6.         Նմուշի համար հեռարձակեք բարեկամ երկրի` Թուրքիայի կամ Իրանի որևէ մշակութային հեռուստաալիք:

7.         ԶԼՄ-ներում լիկվիդացրեք մշակութային` գրական, երաժշտական, մանկական խմբագրությունները, կամ էլ, եթե թողնում եք դրանք, ղեկավար նշանակեք առավել տգետ և անբան անձանց, ովքեր նույնիսկ մակերեսային պատկերացումներ չունեն մշակույթի և մանկավարժության մասին:

8.         Ստորացրեք ձեր մտավորականությանն այնչափ, որ նրանք կամ լքեն երկիրը, կամ էլ, մնալու դեպքում, իրենց գոյությունը պահպանելու համար կաշառվեն կամ գնվեն մեծահարուստների և քաղաքական զանազան ուժերի կողմից:

9.         Նսեմացրեք ակադեմիական արվեստը. օրինակ` վերացրեք եղած կամերային նվագախմբերը` թողնելով մեկը նմուշի համար, բայց անպատճառ երկրից դուրս ուղղորդեք այդ նվագախմբի` արտասահմանում փայլուն կրթություն և ճանաչում ստացած դիրիժորին: Նույնը կատարեք ձեր սիմֆոնիկ նվագախմբերի հետ… Ակադեմիական արտիստներին ստորացնելու առումով առավել լավ արդյունքի հասնելու համար ստեղծեք մի ուսանողական սիմֆոնիկ նվագախումբ` դրան տալով պետական կոլեկտիվի ստատուս և նշանակելով պետական աշխատավարձ:

10.       Անտեսեք ժամանակակից կոմպոզիտորների գոյությունը` ընդամենը չտպագրելով և չկատարելով վերջիններիս ստեղծագործությունները:

11.       Ստեղծեք առավել բարենպաստ պայմաններ ռեստորանային, քեֆ-ուրախության երաժշտությունը պրոպագանդելու և տարածելու համար:

12.       Շնորհեք նմուշի համար մեկ-երկու կիսագրագետ փոփ և ռեստորանային “աստղերի” ձեր երկրի “վաստակավոր արտիստի” կոչում, իսկ իրենց ոգեշնչող երգահանին` ձեր երկրի բարձրագույն պարգևներից մեկը “ազգին հատուկ ծառայություններ մատուցելու” համար:

13.       Փակեք թատրոնները, իսկ մնացածներին տրամադրեք այնքան նվազ ֆինանսավորում, որ դերասանները ստիպված լինեն կողքից աշխատանք փնտրել, ինչով, վերջ ի վերջո, կորակազրկեն եղած մասնագիտական մակարդակը: Առավել ցայտուն արդյունքի համար ուղղորդեք արտիստներին դեպի “սերիալներ”. այդ ասպարեզում նրանց դեգրադացումն ավելի արագ տեղի կունենա:

14.       Խրախուսեք “զուգարանային հումորի” և բեմական տրանսվիստիզմի բոլոր դրսևորումները. գովազդեք այն` ներկայացնելով որպես ազգի կողմից առավել պահանջված երևույթ:

15.       Նվազեցրեք պատկերասրահների քանակը` ուղղորդեք նկարիչներին դեպի փողոց, այնտեղ նրանք ինքնաբերաբար կամ կորակազրկվեն, կամ էլ, կյանքի թելադրանքով, ընդհանրապես կհրաժարվեն մասնագիտական չափանիշներից:

16.       Բարձրացրեք մշակութային բուհերի ուսման վարձը` միաժամանակ նվազեցնելով ստեղծագործական մասնագիտական աշխատատեղերը, փակեք ստեղծագործական ստուդիաները և գեղանկարչական դպրոցները, երաժշտական կոլեկտիվները և պարային անսամբլները:

17.       Ոչ մի դեպքում մի ընդունեք օրենքներ մշակույթի մասին

18.       Զրկեք բյուջեից մշակույթի նախարարությունը` խրախուսելով եղած միջոցների հափշտակումն ու յուրացումը այդ հաստատության աշխատակազմի կողմից:

19.       Նշանակեք մշակույթի նախարար դեմագոգ որևէ մեկին` նախընտրելի է նախկին կոմսոմոլ կամ ԱՕԿՍ-ականներից, ով առավել հնարամտորեն կքողարկի ձեր երկրի մշակութային քաղաքականության բացակայությունն իր “լավատեսական” բազմաթիվ հարցազրույցներով և “գալոչկայի” համար արվող սակավաթիվ, բայց ծախսատար “մշակութային միջոցառումներով”:

20.       Մտցրեք փոփոխություններ “Լեզվի մասին” օրենքի մեջ ի օգուտ բարեկամ երկրի` Թուրքիայի կամ Իրանի: Եթե չհաջողվի միանգամից, սկսեք “բարեփոխումները” գոնե որևէ այլ օրենքում, որը կարգավորում է հանրային կրթության ոլորտը… մինչև որ ձեր երկրի` խիղճ ունեցող վերջին ազգային մտավորականը ֆիզիկապես հեռանա երկրից կամ էլ` կյանքից:

 Ոչ այնքան հարգարժան Իլհամ Ալիև,

եթե որևէ մասնագիտական կամ գործնական խորհրդի կարիք ունենաք սեփական մշակույթը լիկվիդացնելու հարցում, կարող եք դիմել ձեր հարևան պետության երեք նախագահներից ցանկացած մեկին… համապատասխան վճարի դիմաց, իհարկե:

Աղբյուրը`      http://ejournal.am Օգոստոս 16, 2011

ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ. “I HAVE A DREAM…”

•16.08.2011 • Թողնել մեկնաբանություն

Երևի հենց այս խոսքերով պիտի սկսեմ շարադրել միտքս, քանի որ հոդված գրելու մեծ վարպետ չեմ:

…Կերազեի մի երկրում ապրել, ուր արվեստի մասին այնպիսի oրենք ընդունվեր, որ դրսից մարդիկ ասեին. <<Թեև Հայաստանը դեռևս լի է պրոբլեմներով, մարդու տարրական իրավունքները պաշտպանված չեն այնտեղ, ազգը սոցիալական անարդարություններից պառակտված է, այո, դա մի երկիր է, ուր դեռ քաղբանտարկյալներ կան, նույնիսկ արդարության և ազնվության մասին պարզ պատկերացումներն են բացակայում ժողովրդի մեջ, գողը գողից է գողանում, երիտասարդության ուշքն ու միտքը դրսում է, քանի որ իշխանությունն ամեն ինչ անում է, որ անելանելիության իրավիճակը դարձնի կյանքի հիմնական տեսակ, բայց…

Բայց այս երկրում կա ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ, որը ստեղծում է այնպիսի պայմաններ, որ բաղձալի է ամբողջ աշխարհի արվեստագետների համար: Արվեստն այդ երկրում Գերակայություն է, արվեստով զբաղվողը` արտոնյալ հասարակության մեջ, քանի որ օրենքը սահմանում է այդ արտոնությունները, ստեղծելով բոլոր հնարավոր և անհնար պայմանները արվեստագետի համար, որպեսզի նա իր ստեղծագործությունն ու արվեստը զարգացնի և կատարելագործի…

Այդ հրաշալի օրենքը սահմանում է ընդամենը 3% հարկ ոչ միայն արվեստագետի, այլ նաև այն բիզնեսմենի համար, ով գործնականում կապված է արվեստի հետ։ Սրա հաշվին ոչ թե արվեստագետն է հովանավորի դուռը ծեծում, այլ հովանավորներն են հերթագրված նրա դռան մոտ: Եվ այսպիսով, ստեղծված է մի իրավիճակ, երբ նույնիսկ անգետ գործարարի համար շահեկան է արվեստագետի հետ գործնական առնչություն ունենալը:

Համերգային դահլիճները, ցուցասրահները, թատրոնները լեփ լեցուն են, քանի որ օրենքի վերահկողությամբ դահլիճների վարձը սիմվոլիկ է, ինչի հաշվին տոմսերը մատչելի են արվեստասեր հասակության համար:

Պետությունը երաշխավորում է արվեստի գովազդն ու պրոպագանդան՝ ԶԼՄ-ներին պարտադրելով համապատասխան հնարավորություններ և պայմաններ ստեղծել առկա արվեստը պատշաճ մակարդակով ներկայացնելու և գովազդելու:

Գրականությունն ու կերպարվեստը զարթոնք են ապրում, քանզի հրատարակչատները գեղարվեստական գրականություն հրատարակելիս` նույն 3%-ով են հարկվում, իսկ սրա հետևանքն էլ այն է, որ հրատարակումների գերակայող մասը ոչ թե գարեջրի կամ գինու պիտակներն են, այլ արվեստին վերաբերող նյութերը:

Այս ամենի շնորհիվ Հայաստանում ապրելը բաղձալի մի նպատակ է նույնիսկ օտարերկրացի արվեստագետների համար, քանի որ միայն այստեղ են ստեղծված պետությամբ երաշխավորված պայմաններ՝ արվեստը զարգացնելու և բարձրացնելու համար, ինչի շնորհիվ էլ Հայաստանը դարձել է նաև համաշխարհային արվեստի օրրան։ Այս երկրում արվեստի մասին օրենքը արվեստագետին ազատում է նվաստացուցիչ շուկայական սպառողական պահանջարկի թելադրանքից և անբանների թերի ճաշակի պարտադրանքից։

Արվեստագետն էլ չի զգում իրեն պետության վզին ծանրացած, այլ հպարտորեն զբաղվում է ազատ արվեստով՝ հարստացնելով հոգևոր մթնոլորտը, և վերջ ի վերջո իր ստեղծագործությունը ծառայեցնում իր պետությանը, ազգին և մշակույթին>>:

Ընդամենը այսքանը… Իմ ազատ և անկախ երկրում, ուր  ազատության և անկախության 20 տարիների ընթացքում այդպես էլ չընդունվեց օրենք արվեստի մասին, սրանից հետո ևս դժվար թե ընդունվի, քանի որ տգիտությունն ու անբանությունը մեր մեջ չեն պակասում, իսկ ազնվությունն ու ազնվականությունը անհետացել են ի սպառ: Ինչո՞ւ… Բանալին հայտնի է 4-5-րդ դարերից ի վեր՝ …Զի պանդուխտ եմ ես հանցավոր երկրի…: (Մեսրոպ Մաշտոց)

Ուրեմն ոչինչ չի մնում ինձ, քան մեջբերել Մարթին Լյութեր Քինգի թևավոր դարձած խոսքերը՝ I HAVE A DREAM…

Աղբյուրը`  Ejournal.am  Հունիս 28, 2011

ՍԻՐԱՆԿՅՈՒՆ ծրագրի հյուրն է Վահան Արծրունին

•23.03.2011 • Թողնել մեկնաբանություն

Հիմնական ախտորոշումը հասարակական անտարբերությունն է

•20.03.2011 • Թողնել մեկնաբանություն

«Առաջին լրատվականի»-ի զրուցակիցն է երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին

— Վահան, երկրում, ըստ էության, մտքերի, հասարակական ձգտումների հեղափոխական վիճակ է ստեղծված: Տեսակետ կա, որ հեղափոխությունը առաջնորդում են մշակույթը, մշակութային գործիչները: 1968-ին Կալիֆոռնիայում տեղի ունեցավ հենց ծաղիկների և սիրո փառատոն, որը որակվեց իսկապես մեծ մշակութային հեղափոխություն: Ըստ էության` ո՞րն է ճիշտ, երբ հեղափոխությունը տեղի ունենա առաջին հերթին` մշակույթո՞ւմ, թե՞ քաղաքականության մեջ:

— Իմ կարծիքով, արվեստն այն ոլորտը չէ, որտեղ Կարդալ ամբողջությամբ ‘Հիմնական ախտորոշումը հասարակական անտարբերությունն է’

ԺԱՄԱՆԱԿՆ Է,ՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ ԼՈՒԾՎԵՆ

•08.03.2011 • Թողնել մեկնաբանություն

Վահան Արծրունին մեր օրերում ապրող, ստեղծագործող այն հազվագյուտ երաժիշտներից է, որ ամեն մի նյութ գիտի ակունքներից, անկախ այն բանից` բանահյուսությու՞նն է նրա երգերի ատաղձը, մեր հին կամ նոր բանաստեղծների գործե՞րը, ռո՞քը, դասակա՞նը, թե՞ ասորիների պատարագը…Սերում է տոհմիկ բժիշկներից, գուցե Արծրունիների արքայական ընտանիքից: Նրա պապերից մեկը բժշկական ինստիտուտի հիմնադիրներից է եղել, ստեղծել է հայ-լատիներեն-ռուսերեն բժշկական տերմինաբանական բառարանը, որ հիմա էլ միակն է: Պապը` Վահան Արծրունի ավագը, իր սիրտն ու ուղեղը կտակել է ինստիտուտին` որպես դիդակտիկ նյութ: Առաջին սերնդի բոլոր պրոֆեսորները նույնն են արել: Եվ սա խորհրդանշական է: Երաժշտության նկատմամբ հետաքրքրություններն առաջացել են բավական ուշ` 12-13 տարեկանում` <<Բիթլզների շնորհիվ կիթառ նվագել սովորեցի>>: 1960-ականներին Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում ստեղծվել էր <<Այրուձի>> երիտասարդական խումբը, որի անդամներից մի քանիսը արշավների հետ մեկտեղ փորձում էին ֆոլկլորային երաժշտությունը կիթառով մեկանաբանել, տարածել: Բժշկական ինստիտուտի օրդինատուրայում սովորելու հետ մեկտեղ, առանց երաժշտական կրթության, Վահան Արծրունին ընդունվում է կոնսերվատորիա` Գոհար Գասպարյանի դասարանը: <<Նարեկ>> <<կիսալեգալ>> երգչախմբի ղեկավար մկրտիչ Մկրտչյանը, ում հետ աշխատել էր վեց տարի, առանց նրան տեղյակ պահելու, գործերը հանձնել էր կոնսերվատորիա, երգեց…ստացվեց:

95-97թ.թ. զորակոչվեց բանակ, ծառայում էր որպես Կարդալ ամբողջությամբ ‘ԺԱՄԱՆԱԿՆ Է,ՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ ԼՈՒԾՎԵՆ’